Ռուսաստանն Ուկրաինային փրկարարական նավ է տվել. Միզինցև

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր ժամը 08: 00-ից մինչև 19: 00-ն ծովային հումանիտար միջանցք են բացում, որը Ուկրաինայի տարածքային ծովից հարավարևմտյան ուղղությամբ երթևեկության անվտանգ գոտի է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Ռուսաստանն անհատույց և առանց որևէ պայմանի Ուկրաինային է փոխանցել «Սապֆիր» փրկարարական նավը, փոխանցման շրջանը համաձայնեցվել է միջազգային ծովային փրկարարական ծառայության հետ։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Միզինցևն ընդգծել է, որ Ուկրաինայի իշխանություններն ամեն կերպ խուսափում են օտարերկրյա նավերի անվտանգ ելքի ապահովման խնդրի լուծման հարցում փոխգործակցությունից, այն դեպքում, երբ ՌԴ-ն միջոցների ամբողջական համալիր է ձեռնարկում Սև, Ազովի և Միջերկրական ծովերի ջրատարածքներում քաղաքացիական նավագնացության ապահովման համար: Գեներալը հերթական անգամ կոչ է արել միջազգային ծովային կազմակերպությանը, ինչպես նաև նավատերերի ղեկավարությանը ազդել պաշտոնական Կիևի վրա՝ Ուկրաինայի նավահանգիստներից օտարերկրյա պետությունների նավերի ապաշրջափակման և անվտանգ դուրս գալու համար:
Նա հայտնել է նաև, որ Ռուսաստանը մեծ քանակությամբ հումանիտար բեռ է հասցրել Ուկրաինա։
«Մարտի 2 - ից սկսած Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինա է հասցվել 9 հազար 780 տոննա հումանիտար բեռ, անցկացվել է 772 մարդասիրական ակցիա, այդ թվում՝ անցած մեկ օրում՝ հինգը` Դոնեցկի, Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում և Խերսոնի մարզում, որոնց ընթացքում խաղաղ բնակչությանը փոխանցվել է 259 տոննա առաջին անհրաժեշտության առարկաներ, դեղորայք և սննդամթերք», – ասել է Միզինցևը:
Ռուսաստանի Դաշնությունը, չնայած Կիևի կողմից ստեղծվող խոչընդոտներին, մեկ օրում ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից և Ուկրաինայի վտանգավոր շրջաններից տարհանել է գրեթե 20 հազար քաղաքացիների:
Բացի այդ, Ուկրաինայում շարունակում են պատանդ մնալ օտարերկրացիները։
«Ուկրաինացի ազգայնականները շարունակում են որպես «կենդանի վահան» պատանդ պահել 13 պետություններից 6 362 օտարերկրյա քաղաքացու։ Բացի այդ, ուկրաինական նավահանգիստներում շարունակում են արգելափակված մնալ 18 պետությունների 77 օտարերկրյա նավեր», - ասել է Միզինցևը:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 44–րդ օրը։