ՌԴ–ն արտաքսում է լեհական դիվանագիտական առաքելության 45 աշխատակցի. ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
Դիվանագետները մինչև ապրիլի 13-ը պետք է լքեն Ռուսաստանի տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն արտաքսում է լեհական դիվանագիտական առաքելության 45 աշխատակցի` որպես պատասխան միջոց Վարշավայի գործողություններին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։

Ըստ հաղորդագրության` այսօր Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Լեհաստանի դեսպան Քշիշտոֆ Կրաևսկին, որին վճռական բողոք է ներկայացվել ս.թ. մարտի 23-ին Լեհաստանի Հանրապետությունում գործող ռուսական ներկայացուցչությունների 45 աշխատակիցներին «persona pop grata» հայտարարելու կապակցությամբ։

Դեսպանին ասվել է, որ Մոսկվան այդ քայլը գնահատում է որպես երկկողմ հարաբերությունները վերջնականապես քայքայելու գիտակցված ձգտման հաստատում, և դրա պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է լեհական կողմի վրա:
Լեհական դիվանագիտական առաքելության աշխատակիցները մինչև ապրիլի 13-ը պետք է լքեն Ռուսաստանի տարածքը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 44–րդ օրը։