ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանը կարող է զարգացնել համագործակցությունը Չինաստանի հետ թվային տեխնոլոգիաների ոլորտում։ Ավելին, հայ մասնագետները կարող են իրենց ներդրումն ունենալ «Թվային մետաքսե ճանապարհ» չինական նախաձեռնության մեջ։
Այս մասին «Հայաստան–Չինաստան» հարթակ–ֆորումի բացմանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Չինաստան–Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն Մհեր Սահակյանը։
Ֆորումն ակադեմիական հարթակ է` ուղղված երկու երկրների դիվանագետների և մասնագետների միջև շփումների և փոխգործակցության ակտիվացմանը։ Այն կօգնի նրանց համագործակցության ուղիներ գտնել, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնել։
«Չինաստանը գերտերություն է, աշխարհում երկրորդ տնտեսությունն ունի, և Հայաստանին անհրաժեշտ է զարգացնել նրա հետ հարաբերությունները։ Նախևառաջ մենք պետք է հասկանանք` ինչ ենք ուզում Չինաստանից, իսկ Չինաստանը հասկանա` ինչ է ուզում մեզնից», – ասաց Սահակյանը։
Նրա խոսքով` հարթակը կհամախմբի երկու երկրների մասնագետների, որոնք քայլեր կձեռնարկեն համագործակցության ընդլայնման համար։ Սահակյանը նշեց, որ հարթակը Հայաստանն ավելի ճանաչելի կդարձնի Չինաստանում։
Ինչ վերաբերում է փոխգործակցությանը, ապա Սահակյանը նշեց, որ Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության ներուժը մեծ է, երկրները կարող են համագործակցել տարբեր ոլորտներում` տեխնոլոգիաների և առողջապահության։
Մասնագետը կարծում է, որ ներկա պահին դժվար է խոսել լոգիստիկայի ոլորտում փոխգործակցության և հնարավորությունների մասին։ Հայաստանը կարող է դառնալ «Նոր մետաքսե ճանապարհ» գլոբալ նախագծի մի մաս։ Սակայն դրա համար Երևանը պետք է լուծի լոգիստիկ խնդիրները, ինչպես նաև իր տարածքում ավարտին հասցնի տրանսպորտային նախագծերը։
Եթե մոտ ապագայում Երևանը ավարտի «Հյուսիս–Հարավ» ճանապարհի շինարարությունը, լուծվի Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը, ապա հայկական երկաթուղին ևս կկարողանա միանալ Չինաստանի տնտեսական գոտուն։