Հայաստանում հարցվածների 68%-ը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը. GALLUP

Հետազոտությունն անցկացվել է հեռախոսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանում հարցվածների 68 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց «GALLUP International Association»–ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով հարցման տվյալները։
Նշենք, որ հետազոտությունն անցկացվել է ապրիլի 2-6-ը և հեռախոսով։ 1002 անձ է մասնակցել հարցմանը։

«Հարցին, թե կո՞ղմ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը` հարցվածների 59.3 տոկոսը պատասխանել է, որ միանշանակ դեմ է։ Բացի այդ, 8.7 տոկոսն էլ ասել է, որ ավելի շուտ դեմ է դրան։ Իսկ ահա ավելի շուտ կողմ է հարցվածների 15.1 տոկոսը, միանշանակ կողմ` 11.2 տոկոսը»,–ասաց Նավասարդյանը։

Այսինքն` Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը ընդհանուր առմամբ դրական են վերաբերվում հարցվածների 26, բացասական` 68 %-ը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի բնակչությունն ընդհանուր առմամբ ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։
Դրանից հետո Sputnik Արմենիան դիմել էր ԱԳՆ` տեղեկանալու, թե ինչ հարցման մասին է խոսքը։ Ի պատասխան ԱԳՆ–ից հայտնել էին, որ ՀՀ ԱԳ նախարարի ներկայացրած դիրքորոշումը հիմնված է հասարակական կարծիքի վերաբերյալ իրականացված հարցումների վրա, որոնք հասանելի են համացանցային բաց աղբյուրներում։