Աղմկահարույց դեպքից հետո Ավանի թաղապետի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյան
Փետրվարին Պողոսյանի մոտ հայտնաբերվել էր օգտագործած կաթուցիչ: Նա ասել էր, որ կաթուցիչը գտել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգում, վերցրել է ու մոռացել գցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարդարյանը։
Փոխթաղապետը վերջին շրջանում պարբերաբար հայտնվում էր սկանդալային իրադարձությունների կենտրոնում։
Փետրվարի 26-ին ոստիկաններն ուժեղացված ծառայության ժամանակ Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն էին բերման ենթարկել 2 քաղաքացու, որոնցից մեկը եղել էր Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը` 42-ամյա Ներսես Պողոսյանը։
Նրա մոտ հայտնաբերվել էր օգտագործած կաթուցիչ: Ըստ մամուլի` Պողոսյանն ասել էր, որ կաթուցիչը գտել է մեկ օր առաջ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգում, վերցրել է ու մոռացել գցել։
Ավելի ուշ ոստիկանությունը փոխթաղապետի տանն իրականացված խուզարկությամբ նաև քիչ չափաբաժնով հաշիշ էր հայտնաբերել։ Հարուցվել էր քրեական գործ։
Մեկնաբանելով այդ միջադեպը` Պողոսյանը լրագրողներին ասել էր. «Ասենք, խի՞ ա հենց գրվել հաշիշ։ Կարո՞ղ ա՝ դեղորայք էլ են գտել ես տեղյակ չեմ։ Դիակ, բան են գտել մեր տնից՝ ես տեղյակ չեմ ։ Թե չէ էդ հաշիշը սարքել են հանրային քննարկման ինչ-որ առարկա։ Սիրուն չի ուղղակի, էլի, տհաճ ա։ Մի հատ թող հետ գնան, պարոն Պողոսյանի ապրածը նայեն, անցած ճանապարհը նայեն, նոր գան, հասցնեն ինչ-որ պիպետկի»։
Ներսես Պողոսյանը Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ էր նշանակվել 2019թ. փետրվարի 20-ին։
2016թ. մայիսի 31-ին նա կալանավորվել էր Ժիրայր Սեֆիլյանի գործով։ 2018թ. հունիսի 13-ին, «թավշյա հեղափոխությունից» հետո նա ազատ էր արձակվել:
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է լիազորությունները