ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը շարունակում է ամեն կերպ սրել լարվածությունը Ղարաբաղում։ Մոսկվայում ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանական կողմի գործողություններն ուղղված են հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։ Պետք է նշեմ և՛ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող գազատարի հատվածում գազամատակարարումը խափանելը, և՛ հրադադարի ռեժիմի մշտական խախտումը, և՛ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի ներխուժելը»,– ասել է Միրզոյանը։
Նա հավելել է, որ Բաքուն շարունակում է արգելափակել միջազգային կառույցների գործունեությունը Ղարաբաղում։
Բացի այդ, Ադրբեջանը շարունակում է պնդել Հայաստանի տարածքով վերտարածքային միջանցքի մասին, ինչը, Միրզոյանի խոսքով, խանգարում է հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցություններին։
Նա կարևորել է Ռուսաստանի միջնորդական դերը խաղաղ բանակցություններում` ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծման շուրջ բանակցություններում:
«Ես Սերգեյ Վիկտորովիչին ներկայացրի, թե հայկական կողմն ինչ դիրքորոշում ունի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու հարցում։ Այս կապակցությամբ իմ կողմից ևս մեկ անգամ հաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքի կարևորությունը», - հավելել է նա։
Միրզոյանը նշել է, որ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման նպատակը մեկն էր` սադրանքներ թույլ չտալ և ապահովել Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ ԱԳ նախարարի խոսքով` Հայաստանն ընդհանուր առմամբ հավատարիմ է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին։ Նա այդ համատեքստում հիշեցրել է, որ Ադրբեջանը չի կատարում ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձի մասին կետը: Արդիական է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը: