«Nvidia» ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում

«Nvidia» ընկերության տաղավարը
2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր ընկերության կենտրոնակայան և քննարկել հնարավոր համագործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից մեկը՝ «Nvidia» ընկերությունը, գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։

«Այսօր ես ուրախ եմ տեղեկացնել, որ «Nvidia»-ն գալիս է Հայաստան: Աշխարհի առաջատար տեխնոլոգիական հսկաներից մեկը, որն ունի 27 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն և ավելի քան 20 000 աշխատակից ամբողջ աշխարհում, բացում է իր նոր գրասենյակի դռները Երևանում: Հայաստանյան մասնաճյուղը ղեկավարելու է Ռև Լեբարեդյանը՝ «Omniverse»-ի և սիմուլյացիոն տեխնոլոգիաներով զբաղվող ընկերության փոխնախագահը։ «Nvidia», բարի գալուստ Հայաստան»,– գրել է Արշակյանը։

Նա հիշեցրել է, որ 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր «Nvidia» ընկերության կենտրոնակայան։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպմանը քննարկվել էր հնարավոր համագործակցությունը «Nvidia»-ի հետ։
Ընկերության աշխատանքը արագացված հաշվարկների և արհեստական բանականության ոլորտում վերափոխում է տրանսպորտը, առողջապահությունը և արտադրությունը, խթանում բազմաթիվ այլ ոլորտների զարգացումը: