Կրակել է շներին, վնասել հարևանի «Լեքսուսը». կրակողը 1 տարի առաջ էր պարգևատրվել ատրճանակով

Ապրիլի 6-ին, ժամը 12-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գիշերը Դավիթ Մալյան փողոցի շենքերից մեկի մոտ կրակոցի է լսվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը բացահայտել է ապրիլի 6-ին Նոր նորքի Դավիթ Մալյան փողոցում հնչած կրակոցների իրական պատճառն ու հայտնաբերել կրակողին։
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, կրակողը Նոր Նորքի նույն փողոցում բնակվող 38-ամյա բնակիչ է:
Կասկածյալը ներկայացել է բաժին ու բացատրել, որ իր ատրճանակով կրակել է շների ուղղությամբ՝ նրանց հնարավոր հարձակումը կանխելու համար, բայց պատահաբար վնասել է հարևաններից մեկի` բակում կայանած «Լեքսուսը»:
Տղամարդը ներկայացրել է նաև «Բերետա» ատրճանակը, որով, ըստ ոստիկանության հաղորդագրության, անցած տարի է պարգևատրվել։
Հիշեցնենք` ապրիլի 6-ին, ժամը 12-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գիշերը Դավիթ Մալյան փողոցի շենքերից մեկի մոտ կրակոցի է լսվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ գիշերը հրազենից կրակել են աղբամանի ուղղությամբ, սակայն գնդակը դիպել է բնակիչներից մեկի «Լեքսուսին»:
Դեպքի վայրից հայտնաբերվել էր 9 մմ տ/չ 1 պարկուճ: