ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնում է, որ տուն վարձակալելու պատրվակով ՀՀ–ում սկսել են կորզել անձնական (տվյալ դեպքում՝ բանկային) տվյալներ։ Գործակալությունը ֆեյսբուքյան իր էջում նման տեղեկատվություն է հայտնել։
«Կեղծարարները կապ են հաստատում վարձակալությամբ բնակարան տվողներին և գումար փոխանցելու համար կեղծ հղում տրամադրում։ Պետք չէ անցնել այդ հղմամբ ու անձնական (տվյալ դեպքում՝ բանկային) տվյալներ լրացնել։ Ուշադիր եղեք, նման դեպքերում ակնկալում են, որ կլրացնեք կամ կտրամադրեք ոչ միայն ձեր բանկային քարտի համարը, այլ նաև քարտի վավերականության ժամկետը և քարտի հետադարձի եռանիշ թիվը (CVV/CVC)»,–զգուշացնում է գործակալությունը։
Նշվում է, որ այս ամենը վկայում է այն մասին, որ իրականում փորձում են խաբել, քանի որ գումար փոխանցելու համար ո՛չ քարտի վավերականության ժամկետը, ո՛չ քարտի հետադարձի եռանիշ թիվը անհրաժեշտ չեն:
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական ճգնաժամով պայմանավորված` բազմաթիվ օտարերկրացիներ են ՀՀ եկել։ Բնակարանների վարձակալության գումարները զգալիորեն բարձրացել են ՀՀ–ում։