Հայ կինը մեր ինքնության առանցքն է. նախագահը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը. Արխիվային լուսանկար
Նախագահը հայ կանանց ու մայրերին մաղթել է առողջություն, արևշատություն, սեր և լավատեսություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնը, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
«Թանկագին մայրեր, տիկնայք, դուստրեր ու քույրեր, այս օրը ևս մեկ առիթ է նորովի արտահայտելու մեր անսահման սերը, հիացմունքն ու ակնածանքը ձեր նկատմամբ։
Անուրանալի է կնոջ դերը ընտանիքում, երեխաներին դաստիարակելու ու կրթելու, սերունդների հանդեպ հարգանք և ուշադրություն ձևավորելու, հայրենիքի և ազգի հանդեպ սեր ու նվիրում արմատավորելու և ամրապնդելու գործում, մեր կյանքի բոլոր ոլորտներում, քաղաքական ու հասարակական ասպարեզում»,–ասված է նախագահի շնորհավորանքում։
Խաչատուրյանը նշել է, որ հայ կինը մեր ժողովրդի դարավոր ավանդույթների կրողն ու փոխանցողն է, մեր արժեհամակարգի պահապանը, մեր ինքնության առանցքը։
Նախագահը հայ կանանց ու մայրերին մաղթել է առողջություն, արևշատություն, սեր և լավատեսություն, իսկ բոլոր օջախներին՝ խաղաղություն, երջանկություն ու համերաշխություն։
Նշենք, որ ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է մայրության, գեղեցկության և սիրո տոնը: ՀՀ Տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում այս տոնն ամրագրվել է 1995թ.-ին՝ ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի կողմից, բայց տոնի խորհուրդը կրոնական է։
Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Այդ օրը հրեշտակապետը Մարիամ Աստվածածնին տեղեկացրել է, որ նա հղի է, և իր պտուղն Աստծո որդին է։