Բրյուսելում ավարտվել է եռակողմ հանդիպումը. ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին:
Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:
Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռքբերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
Հիշեցնենք` մինչ եռակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ` ներկայացնելով ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Եռակողմ հանդիպումից առաջ Շառլ Միշելի հետ առանձնազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Մինչ Բրյուսել մեկնելը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը: