Արցախյան 2 պատերազմներից հետո 985 անհետ կորած ունենք. Փաշինյան

Վարչապետը հայտնեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով 208 անձ համարվում է անհետ կորած։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմա ժամանակ քննարկման թեմաներից մեկն էլ անհետ կորածների և գերիների հարցն է եղել։ Կառավարության նիստի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երեկ Բրյուսելում Ալիևի հետ կայացած հանդիպմանը։
«Քննարկման կարևոր խնդիրներից էին հումանիտար հարցերը` ԵԽ նախագահ Շառլ Միշելն ընդգծել է գերեվարված անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը։ Արցախյան 2 պատերազմներից հետո մենք 985 գտնվելու վայրն անհայտ մարդ ունենք, որից 208 անձ` 44-օրյա պատերազմից, իսկ 777-ն` արցախյան առաջին պատերազմից»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` քննարկել են անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը։ Փաշինյանը վստահեցրեց` պետք է շարունակեն նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքները։
Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումից հետո ընդգծել է երկու կողմերի մարդասիրական քայլերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար՝ շեշտելով բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ պահվող անձանց ազատումը և անհայտ կորածների խնդրի համակողմանի լուծումը, և հայտարարել, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը: