ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Մահացել է Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցության ղեկավար, ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Ծանր ու երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Վլադիմիր Ժիրինովսկին։ Վառ, տաղանդավոր քաղաքական գործիչ։ Մեկը, ով խորապես հասկանում էր, թե ինչպես է կառուցված աշխարհը և շատ բան էր կանխատեսում։ Առանց նրա դժվար է պատկերացնել ժամանակակից Ռուսաստանի քաղաքական համակարգի զարգացման պատմությունը։ Սա անդառնալի կորուստ է բոլորիս համար»,- գրել է նա Telegram–ում։
Վլադիմիր Ժիրինովսկին կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելուց հետո հունվարից տեղափոխվել էր Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոց, բայց նրա հոսպիտալացման մասին հայտնի դարձավ փետրվարի սկզբին:
Ավելի վաղ նա ասել էր, որ ութ անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
Մարտի 8-ին տեղեկություն տարածվեց, որ պատգամավորի վիճակը ծանր է, դինամիկան` բացասական։ Հաղորդվում էր, որ քաղաքական գործիչը դեղորայքային կոմայի մեջ է։
Մարտի 11–ին ԶԼՄ–ները գրեցին, որ նա դուրս է եկել կոմայից, ավելին` սկսել է հանձնարարականներ տալ, ուսումնասիրում է նորություններն ու փաստաթղթերը։
Մարտի 25-ին Telegram-յան ալիքները գրեցին, թե 75-ամյա Ժիրինովսկին մահացել է։ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունն ավելի ուշ հերքել էր այդ լուրը։