ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքարի ղեկավարի թույլ տված չարաշահումների արդյունքում համայնքին պատճառված վնասը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Համայնքապետի` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակիցների կողմից իրենց վերադասին օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Համայնքի նախկին ղեկավարը, 2002-2021թթ. ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, ինչի պատճառով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Տվյալ անձը, տեղեկացել է, որ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորած «էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակում «ԲԷՑ» ՓԲԸ-ն Ծակքար համայնքում օդային հոսանքագծերի անցկացման նպատակով մտադիր է առավել բարձր արժեքով հողամասեր ձեռք բերել, ապա համաձայնության է եկել համայնքապետարանի՝ իրեն մտերիմ 3 աշխատակիցների հետ, որպեսզի հողամասերը գրանցեն որպես իրենց սեփականություն, իսկ հետագայում դրանք առավել բարձր գնով վաճառեն «ԲԷՑ» ՓԲԸ-ին։
Համայնքապետարանի նշված 3 աշխատակիցները կազմել և ստորագրել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը փաստացի իրենց պատկանելու, սակայն սխալմամբ՝ 2011թ. դեկտեմբերին նույն հողամասերը որպես համայնքային սեփականություն գրանցելու վերաբերյալ ակնհայտ կեղծ փաստեր հավաստող համաձայնագրեր:
Համայնքի նախկին ղեկավարը «ԲԷՑ» ՓԲԸ-ից գնման ենթակա 0,166 հա մակերեսով տնամերձ հողամասն իր կնոջ, իսկ 0.15 հա, 0.137 հա, 0.166 հա տնամերձ հողամասերը համայնքապետարանի հիշյալ աշխատակիցների ընտանիքի անդամներին պատկանելու վերաբերյալ կազմված համապատասխան կեղծ փաստաթղթերը և իր ստորագրած նույնաբովանդակ, իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ պարունակող գրությունները 2016թ. հուլիսին ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանում։ Դրանց հիման վրա Կադաստրի կոմիտեն գրանցել է վերը նշված անձանց և նրանց ընտանիքի անդամների սեփականության իրավունքը հիշյալ հողամասերի նկատմամբ:
Այնուհետև` համայնքի ղեկավարի խնդրանքով, 2016 թվականի սեպտեմբերին համայնքապետարանի այդ աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների, համայնքի նախկին ղեկավարի և նրա կնոջ, ինչպես նաև «ԲԷՑ» ՓԲԸ–ի ներկայացուցչի միջև կնքվել են տվյալ հողամասերն ընդհանուր 14 մլն 768 հազար 116 ՀՀ դրամով վաճառելու վերաբերյալ պայմանագրեր։ Վաճառքից ստացված հասույթը փոխանցվել է համայնքի նախկին ղեկավարին, ինչի հետևանքով Ծակքար համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը), իսկ համայնքապետարանի երեք աշխատակիցներին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն հանցակցելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքին հանցակցելը): Քրեական գործով չորս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: