ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի– Sputnik. Վերին Լարսով Վրաստանից դեպի Ռուսաստան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է, քանի որ ձնահյուսի վտանգ կա»,– ասվում է հայտարարության մեջ։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով` Մլետա-Գուդաուրի հատվածում երթևեկությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով`բնականոն ձևով։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այժմ Ռուսաստանում և Վրաստանում աշխատանքներ են տարվում Վերին Լարսում խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք առաջանում են առավելապես ձմռանը` վատ եղանակի պատճառով:
2023 թվականին կկառուցվի խոշոր տրանսպորտային հանգույց Վլադիկավկազին հարող տարածքում, որտեղ կկարողանան կանգ առնել Ռուսաստանից դեպի Վրաստանի հետ սահման ուղևորվող տրանսպորտային միջոցները: Մինչև 2024 թվականը Վրաստանը ավարտին կհասցնի Քվեշեթի-Կոբի շրջանցիկ հատվածի կառուցումը, որը կկրճատի ճանապարհը և անխափան երթևեկություն կապահովի նշված տարածքում: