Բրյուսելում կայացել է Փաշինյան-Միշել հանդիպումը

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ (6 ապրիլի, 2022թ). Բրյուսել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։
Շառլ Միշելի հետ առանձնազրույցի մի հատված տեսանյութի տեսքով ֆեյսբուքյան իր էջում է տեղադրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը:
Եվրոպական խորհրդի նախագահն առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ապա կայանալու է եռակողմ հանդիպում։
Մեր տեղեկություններով` եռակող հանդիպումը նախատեսվում է Երևանի ժամանակով 21։00-ին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել է մեկնել երեկ։
Ադրբեջանական կողմը Հայաստանին առաջարկել է հարաբերությունների կարգավորման 5 սկզբունքներ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արդեն իսկ ներկայացրել է Ադրբեջանի կողմից առաջադրված սկզբունքների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի` Ադրբեջանի ԱԳՆ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։