Ազգային ժողովն առաջարկել է ՀԱՊԿ-ի 15-ամյակին նվիրված նիստը Երևանում անցկացնել

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովը հանդես է եկել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված նիստը հունիսին Երևանում անցկացնելու առաջարկով, տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Այդ մասին հայտնի է դարձել այսօր՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովի հանդիպման ժամանակ:
Ալեն Սիմոնյանն ընդունել է Սերգեյ Պոսպելովին
Կողմերն անդրադարձել են նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովներին: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստը կանցկացվի ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում:
Քննարկման առանցքում են եղել նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքի ընդլայնմանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ 2021-ի նոյեմբերի 29-ին առցանց տեղի ունեցած ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և ԽՎ-ի 14-րդ համատեղ լիագումար նիստի ժամանակ Ալեն Սիմոնյանը առաջարկել էր խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակը նշել և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստը Երևանում անցկացնել։