ԱՄՆ-ը և դաշնակիցները ռուսական տանկի դիմաց Կիևին 10 հակատանկային համակարգ կտան. Բլինկեն

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը. Արխիվային լուսանկար
Ռուսական ռազմական հատուկ գործողության առաջին օրվանից սկսած ԱՄՆ-ը Կիևին շաբաթական կտրվածքով զենք է մատակարարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները մտադիր են մոտ ապագայում Կիևին մատակարարել 10 հակատանկային համակարգ` ռուսական յուրաքանչյուր տանկի դիմաց։ Այս մասին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Ինչ վերաբերում է զենքի մատակարարմանը, ապա Ուկրաինայում յուրաքանչյուր ռուսական տանկի համար մենք արդեն մատակարարել ենք կամ շուտով կմատակարարենք 10 հակատանկային համակարգ»,- ասել է Բլինկենը՝ մեկնաբանելով Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հարցը։

Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ֆոնին ամերիկյան մամուլը հայտնում է Կիևին լրացուցիչ պաշտպանական օգնություն հատկացնելու մասին։ Մարտի կեսերին նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր ուկրաինական կողմին ռեկորդային` 800 միլիոն դոլարի չափով օգնություն տրամադրելու մասին։
Վաշինգտոնը պնդում է, որ այս փաթեթի շրջանակում առաքումներն արդեն սկսվել են և կավարտվեն ապրիլի կեսերին: Միաժամանակ, Սպիտակ տունը ապրիլի 4–ին հայտնել էր, որ մտադիր է առաջիկա օրերին հայտարարել Ուկրաինային պաշտպանական նոր օգնություն հատկացնելու մասին։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 42-րդ օրը։