ԵՐԵՎԱՆ, 6 ամրիլի – Sputnik. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սասուն Մկրտումյանն այսօրվանից դադարեցնում է լիազորությունները։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Նախորդած ամիսներին ես և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը արել ենք հնարավորը՝ բարեկարգ և բնակիչների համար հարմարավետ միջավայր ստանալու ուղղությամբ։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի, մեզ հաջողվել է կյանքի կոչել որոշ կարևորագույն նախաձեռնություններ, որոշները, վստահ եմ, կիրագործվեն առաջիկայում նոր ղեկավարության ջանքերով։ Փոփոխությունների այս ճկուն հորձանուտում միջավայրի գրավչությունն ու հասարակության բարեկեցությունը չպետք է պայմանավորված լինեն լոկ անձերի փոփոխություններով, այլ սահմանված նպատակային ուղենիշներով ու գործուն մեխանիզմներով, ինչին շարունակելու ենք ձգտել միահամուռ ուժերով»,- գրել է նա։
Մկրտումյանը հաջողություն է մաղթել Աջափնյակ վարչական շրջանի նորանշանակ ղեկավարությանը և խոստացել, որ կրկնակի եռանդով է շարունակելու իր գործունեությունը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների։
Սասուն Մկրտումյանը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2021 թվականի հուլիսի 1-ին։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Նախկինում աշխատել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնում (ԳԹԿ):