ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի հուշամատյանում: Sputnik Արմենիային հաջողվել է ստանալ այդ տեքստի բնագրի լուսանկարը։
Վրաստանի խորհրդարանի ղեկավարը մասնավորապես արձանագրել է 2 երկրների միջև բազմադարյա հարաբերությունները և շնորհակալություն հայտնել հայ գործընկեր Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար:
Վրաստանի խորհրդարանների նախագահ Շալվա Պապուաշվիլիի գրառումը Հայաստանի Ազգային ժողովի Պատվո հյուրերի գրքում (5 ապրիլի, 2022թ). Երևան
© Sputnik / Stringer
«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալվել ՀՀ Ազգային ժողովում։ Մեր երկրներին կապում է համագործակցության, բարեկամության և բարիդրացիության երկար պատմությունը։ Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների միջև կապը միշտ եղել է արդյունավետ և հաջող, ու դա երկկողմ հարաբերությունների կարևոր մասն է: Շնորհակալություն ենք հայտնում ԱԺ նախագահ Սիմոնյանին՝ Վրաստանի պատվիրակությանը ջերմ ընդունելու համար: Մենք պատրաստ ենք շարունակել գործընկերությունը՝ մեր երկրների և ժողովուրդների խաղաղության, կայունության, բարեկեցության, ընդհանուր նպատակների հասնելու համար»,- գրել է Պապուաշվիլին։
Ապրիլի 5-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Երևանում Պապուաշվիլին արդեն հանդիպել է իր հայ գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Նախատեսված են նաև հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: