Շալվա Պապուաշվիլին աջակցություն է հայտնել ԼՂ-ում խաղաղության հաստատման ջանքերին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը. հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման համատեքստում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի՝ երկարատև խաղաղության հաստատման ջանքերը՝ ընդգծելով Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցը:
Շալվա Պապուաշվիլին աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում երկարատև խաղաղության հաստատման ջանքերին՝ ընդգծելով, որ իրենք կողմնակից են խնդիրները երկխոսության միջոցով կարգավորելուն, և պատրաստ են իրենց դերն ու ներդրումն ունենալ այդ գործում:
Վրաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի նպատակը դարավոր բարեկամություն ունեցող երկու երկրների ներկա հարաբերությունների խորացումն է և համագործակցության հեռանկարների քննարկումը:
Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ նման հանդիպումներն առանձնակի դինամիկա են հաղորդում մեր երկրների միջև համագործակցության զարգացմանն ու հետագա խորացմանը և պետք է հնարավորինս հաճախ լինեն։ Նախագահն ընդգծել է, որ այս այցն կարևոր նշանակություն ունի, քանի որ տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-վրացական փոխգործակցության օրակարգի շուրջ:
Երկօրյա պաշտոնական այցով ապրիլի 5-ին Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Պապուաշվիլին Երևանում հանդիպել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
Վրաստանի խորհրդարանի նախագահը կհանդիպի նաև Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ։