Սերժ Սարգսյանը ներկա կլինի ընդդիմության հրավիրած հանրահավաքին

Հանրահավաքը հրավիրել են ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի ապրիլի 5-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած հանրահավաքին։ Տեղեկությունը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին: Մասնակցելու է ոչ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, մասնակցելու է ոչ միայն որպես Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական ավանդ ունեցող մարդ, այլև որպես Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացի»,- ասաց Աշոտյանը:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» կարգախոսով Երևանում հանրահավաք են հրավիրել ապրիլի 5-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 6-ին Բրյուսել կատարելիք այցի նախօրեին։ Ընդդիմադիր խմբակցությունները կարծում են, որ գործող իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանելու Հայաստանն ու Արցախը։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկ շաբաթ առաջ ոտքի վնասվածք է ստացել, և ասվել է, որ նրա մասնակցությունը տվյալ հանրահավաքին կախված կլինի ինքնազգացողությունից։
«Դեպի ուժեղ Հայաստան». Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ամփոփիչ հանրահավաքի ամենավառ կադրերը