ՍԴ–ն հետաձգեց Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցի քննությունը

Ալեն Սիմոնյան
Ընդդիմության ներկայացրած հայցը կքննվի 2022 թվականի ապրիլի 29-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցի՝ ապրիլի 5-ի դատաքննությունը հետաձգվել է։ Տեղեկությունը հրապարակվել է Սահմանադրական դատարանի կայքում։
Ընդդիմությունը ՍԴ էր դիմել` վիճարկելով ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը։ Դիմումը պետք է քննվեր այսօր։

«Ելնելով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտությունից` ՍԴ–ն որոշել է վերսկսել գործի վարույթը։ Սույն գործի դատաքննությունը հետաձգել և դատաքննությունը նշանակել 2022 թվականի ապրիլի 29-ին, ժամը 11.00-ին»,- նշված է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ։

ՍԴ-ն ընդդիմադիրների դիմումը քննում է գրավոր ընթացակարգով, այսինքն` փակ նիստով։
Ալեն Սիմոնյանն ԱԺ նախագահ ընտրվեց օգոստոսի 2-ին։ Օգոստոսի 10-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմեցին ՍԴ` պահանջելով չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրությունը, քանի որ, ըստ նրանց, անհավասար պայմաններ են ստեղծվել, և ԱԺ նախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուները՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, չեն կարողացել մասնակցել ընտրությանը. նրանք այդ ժամանակ կալանավայրում էին։
Սահմանադրական դատարանը ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող դիմումը վարույթ ընդունեց սեպտեմբերի 6-ին։