Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք անող ընդդիմադիրները կփակեն Ֆրանսիայի հրապարակը. ապրիլի 5-ի հանրահավաքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Փակում ենք ֆրանսիական հրապարակի 4 մուտքերը, և սա կլինի մեր առաջին նախազգուշական գործողությունը։ Այն կտևի մեկ ժամ»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով, ֆրանսիական հրապարակի մեջտեղում Արցախի դրոշը կզետեղեն, ինչը խորհրդանշում է, որ պայքարը հանուն Արցախի է։
Սաղաթելյանի հայտարարությունից հետո հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Ընդդիմությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից առաջ «Հանուն Հայաստանի և Արցախի» կարգախոսով հանրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կարծում են, որ երկիրը կանգնած է ինքնիշխանությունը կորցնելու շեմին, իսկ ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանելու Հայաստանն ու Արցախը։