ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Կարևոր է 4 կետի շուրջ համաձայնություն ունենալ` փակում ենք պարտության էջը, տեր ենք Արցախին ու ՀՀ տարածքային ամբողջականությանը, այս իշխանությունը մանդատ չունի երկիրը զիջումների տանելու, և պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը։ Ազատության հրապարակում ընդդիմադիրների հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Թշնամին շարունակում է ագրեսիան Հայաստանում և Արցախում, իսկ իշխանությունը ժողովրդին պատրաստում է նոր զիջումների։ Ժողովրդին շարունակում են պատերազմով վախեցնել, սակայն մենք պատերազմ չենք ուզում։ Մեր պայքարն արժանապատիվ խաղաղության համար է»,–ասաց Սաղաթելյանը` նշելով, որ խաղաղություն քարոզողները նոր պատերազմ են բերել։
Նրա խոսքով` եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ երկրում խաղաղություն հաստատվի, ապա պետք է հեռանա երկրից։
Պատգամավորը հայտարարեց, որ իրենք նոր պայքար են սկսում, որ շարունակական է լինելու։ Նա վստահեցրեց` հեռու չէ այն օրը, երբ իրենց պայքարն ավարտին կհասցնեն։
Հիշեցնենք` ընդդիմությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից առաջ «Հանուն Հայաստանի և Արցախի» կարգախոսով հանրահավաք է կազմակերպել Ազատության հրապարակում։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կարծում են, որ երկիրը կանգնած է ինքնիշխանությունը կորցնելու շեմին, իսկ ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանն ու Արցախը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 6-ին հանդիպելու են Բրյուսելում։ Փաշինյանն արդեն մեկնել է Բրյուսել։