ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Պարզվել են մայիսյան երկարատև հանգստյան օրերին ուղևորությունների համար ամենապահանջված ուղղությունները. հայտնում է OneTwoTrip–ը։
Ընկերության աշխատակիցները վերլուծել են ապրիլի 30-ից մայիսի 15-ի թռիչքների վերաբերյալ որոնողական համակարգերում իրականացված հարցումների տվյալներն ու պարզել, որ արտասահմանյան հասանելի երկրների ցանկում առաջինը Թուրքիան է. այդ ուղղությամբ տոմս է փնտրել հնարավոր զբոսաշրջիկների 23 տոկոսը։
Ուզբեկստանի թռիչքներով հետաքրքրվել է 9 տոկոսը, դեպի Հայաստան` 8 տոկոսը։ Ամենապահանջված ուղղությունների շարքում են նաև Ադրբեջանը (5 տոկոս), Ղրղզստանն ու ԱՄԷ-ն (յուրաքանչյուրը՝ 4 տոկոս)։
Նշվում է նաև, որ օգտատերերի մոտ 60 տոկոսը հետաքրքրվել է ներռուսաստանյան շրջագայությամբ։
Առավել պահանջված են Մոսկվան և Սոչին. այդ ուղղություններով տոմսեր է փնտրել զբոսաշրջիկների 15 տոկոսը` յուրաքանչյուրի համար։ Սանկտ Պետերբուրգով հետաքրքրվել է հնարավոր ճանապարհորդների 12 տոկոսը։ Օգտատերերի 5-ական տոկոսն ուսումնասիրել է Մինվոդի և Կալինինգրադ ուղղությունները, 4 տոկոսը` Մախաչկալայի, 3-ը` Կազանի ու Սևաստոպոլի, 2-ը` Ուֆայի և Եկատերինբուրգի ուղղությունները։
Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին Հայաստանը դարձել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների համար պահանջված ուղղություններից։ Ոչ պաշտոնական տվյալներով, փետրվարի վերջից Հայաստան է ժամանել ՌԴ մոտ 85 հազար և Ուկրաինայի մոտ 4 հազար քաղաքացի։ Ռուսաստանի շուրջ 4.5 հազար քաղաքացիներ հայաստանյան բանկերում հաշիվներ են գրանցել։ ՌԴ 938 քաղաքացիներ ՀՀ–ում գրանցվել են որպես անհատ ձեռնարկատեր, իսկ 268-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է ձևակերպել։