ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը. հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ հայ-վրացական հարաբերություններն առանձնահատուկ ժամանակահատվածում են գտնվում, և քաղաքական մակարդակում կարող ենք տեսնել նոր դինամիկա, նոր տրամադրություն և նոր հեռանկարներ: «Ակնհայտ է, որ մեր երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև կա ավելի սերտ համագործակցելու երկուստեք ցանկություն, որը, համոզված եմ՝ բխում է մեր ժողովուրդների ավելի սերտ համագործակցելու և գործակցելու ցանկությունից: Եվ հույս ունեմ, որ մենք բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններով ու ակտիվությամբ այդ ցանկությունը կկարողանանք ինստիտուցիոնալ ձևով արտահայտել մեր երկու երկրների հարաբերություններում»,- ասել է նա:
Շալվա Պապուաշվիլին իր հերթին նշել է, որ հայ-վրացական հարաբերությունների սերտ մակարդակն առանձնահատուկ երևում է վարչապետների մակարդակով: «Մենք քննարկել ենք, որ այս հանդիպումները, այս հարաբերությունները լինեն ոչ միայն պաշտոնական, այլև բարեկամական խմբերի, հանձնաժողովների և աշխատակազմերի մակարդակով: Այսօրվա դրությամբ, երբ տարածաշրջանն այսպիսի մարտահրավերների առջև է, պետք է կարողանանք ամեն ինչ անել տարածաշրջանում երկարատև խաղաղություն ստեղծելու համար»,- ասել է Վրաստանի ԱԺ նախագահը:
Շալվա Պապուաշվիլին հավելել է, որ Հայաստանն ու Վրաստանն այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը, որը լավ առիթ է երկու երկրների բարեկամությունն ու համատեղ բազմադարյա պատմությունը ևս մեկ անգամ վերարժևորելու համար:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, Հարավային Կովկասում, ինչպես նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:
Ապրիլի 5-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Երևանում Պապուաշվիլին արդեն հանդիպել է իր հայ գործընկեր Ալեն Սիմոնյանին, նախագահ Վահագն Խաչատուրյանին, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։