ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ներմուծվող մի շարք ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի և դրանց արտադրության համար հումքի մաքսատուրքի դրույքաչափի զրոյացմանը. հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել կողմերի առաջարկին՝ ընդլայնել այն ապրանքների ցանկը, որոնք ժամանակավորապես ԵԱՏՄ են ներմուծվում մաքսատուրքի զրոյական դրույքաչափով: Նոր ցուցակում ապրանքների լայն անվանացանկ է ներառվել, մասնավորապես՝ սննդամթերքի և դրանց արտադրության բաղադրամասերը, փաթեթավորման նյութերը, քիմիական արտադրանքը, տրանսպորտային միջոցների արտադրության և վերանորոգման համար համալրող սարքավորումները»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԵԱՏՀ կոլեգիայի իրավասության ներքո գտնվող մի շարք ապրանքների վերաբերյալ որոշումը, հանձնաժողովի խորհրդի հանձնարարությամբ, կընդունվի առաջիկայում։
Բացի այդ, արտաքին սահմանափակումների պայմաններում և հաշվի առնելով մաքսասակագնային կարգավորման միջոցի գործողության սեղմ ժամկետները, որոշվել է պարզեցնել դրա գործնական իրականացման գործընթացը՝ հրաժարվելով ներմուծվող ապրանքների հիմնական մասի նպատակային նշանակության հաստատման անհրաժեշտությունից:
Պարզեցումը ազդում է նաև հանձնաժողովի կողմից նախկինում հավանության արժանացած արտոնությունների վրա։
Որոշումը կտարածվի 2022 թվականի մարտի 28-ից ծագած իրավահարաբերությունների վրա։