ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Հայկական Instigate Robotics ընկերության ստեղծած կրակոցների դետեկտորը պարզում է կրակոցների ուղղությունն ու տեղը։ Մի քանի տարի առաջ այս համակարգը մշակվել է Հարավարևելյան Ասիայի երկրներից մեկի համար ու այժմ կիրառվում է այնտեղ:
Մեքենայական ուսուցումը թույլ է տալիս, որպեսզի ծրագիրը ճանաչի ցանկացած հնչյուն` լինի հրետանի, անօդաչու սարքերի աղմուկ, թե հրաձգային զենք: Հաճախականությունների տարբերությունը թույլ է տալիս նույնիսկ որոշել, թե որ զենքից են կրակել (օրինակ` ԱԿ-74-ից, Դրագունովի դիպուկահար հրացանից կամ Մ-16-ից):
«Կոնկրետ այդ մոդելը կենտրոնացած է հրաձգային զենքի վրա», - Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ընկերության տեխնիկական տնօրեն Ռուբեն Գյոնջյանը։
Այս համակարգը կարող է շատ օգտակար լինել սահմանին՝ մոնիթորինգի համար։ Այն պարզում է ոչ միայն կրակոցի ուղղությունն ու հեռահարությունը, այլև նույնիսկ կրակային կետը։ Առնվազն երկու նման դետեկտորների առկայության դեպքում այն կարելի է բռնացնել «եռանկյունի» մեթոդով:
Եթե երկու դետեկտորները բռնում են կրակոցի ուղղությունը, ապա դրանց գծերի հատման կետում պետք է լինի կրակոցի վայրը։ Այսպիսով, կարելի է հայտնաբերել ու չեզոքացնել հակառակորդի դիպուկահարին: Համակարգն աշխատում է բավական մեծ հեռավորության վրա։ Լեռներում դրա գործողության շառավիղն ավելի փոքր կլինի, քանի որ օդի խտությունն այնտեղ ցածր է, ու ձայնը ավելի դանդաղ է տարածվում: Այնուամենայնիվ, Գյոնջյանն ընդգծեց, որ այնտեղ էլ այն բավական արդյունավետ է։
Instigate Robotics ընկերության տեխնիկական տնօրեն Ռուբեն Գյոնջյանը ArmHighTech 2022 ցուցահանդեսում
© Sputnik / Aram Nersesyan
Մեկ այլ համակարգ, որը նույնպես ստեղծվել է արտասահմանյան պատվերով, թույլ է տալիս որոշակի շառավղով արձանագրել մարդկանց ձայները՝ ձայնի հաճախականությունների անհատական տարբերությունների հիման վրա։
Համակարգը թույլ է տալիս լսել կոնկրետ մարդուն՝ հեռացնելով բոլոր մյուս ձայներն ու ֆոնային աղմուկը։ Գյոնջյանն ավելացրեց, որ այն օգտագործվել է նավերի անձնակազմերի միջև բանակցություններում, իսկ Հայաստանի պայմաններում կարող է օգտակար լինել տեղային խնդիրների համար։
Instigate Robotics ընկերության արտադրանք
© Sputnik / Aram Nersesyan
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Երևանում գործած ArmHighTech պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսում ներկայացված էին ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան նմուշներ։