ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունում վիրավորական են համարել ուկրաինական հետախուզության հայտարարությունը, որով մեղադրել են Վրաստանին «ՌԴ-ին օգնելու» մեջ:
Ավելի վաղ պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն Facebook-ի* իր էջում գրել էր, որ ռուսները փորձում են կարգավորել պատժամիջոցների տակ ընկած ապրանքների մատակարարումները Վրաստանի տարածքով: Նա նաև գրել էր, որ վրացական կառավարությունը դիտարկում է Վրաստանի ու Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության վերսկսման հնարավորությունը:
Խորհրդարանական մեծամասնության պատգամավորներն արդեն արձագանքնել են։ Մասնավորապես՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Սոզար Սուբարին հայտարարությունը վիրավորական է համարել ու ամբողջովին սուտ որակել։ Տեղեկությունը հայտնում է «Իմեդի» հեռուստաալիքը:
«Վիրավորական է հայտարարությունն այն երկրի, որն այս ծանր ճակատամարտում Վրաստանից 100 տոկոս աջակցություն է ունեցել և շարունակում է ունենալ», - ասել է Սուբարին:
Նա նշել է, որ նույնիսկ զարմացած չէ նման հայտարարությամբ այն երկրից, որը Ուկրաինայի հակահետախուզության տնօրենի տեղակալ է նշանակել երկրի նախկին փոխնախարար Գիա Լորդկիպանիձեին, որը մեղադրվում է Վրաստանում ու մի քանի ծանր հոդվածներով է անցնում:
Իշխող թիմից Վրաստանի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր էլ` Գեորգի Կախիանին, Վրաստանի տարածքով զենքի մաքսանենգության մասին հայտարարությունն ու խոսակցությունները վիրավորական է անվանել պաշտոնական Թբիլիսիի համար:
Նա նշել է, որ տեղեկությունը տարածել է ծառայությունը, որի ղեկավարի տեղակալը Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից Գիա Լորդկիպանիձեն է:
* Meta-ի (Facebook և Instagram սոցիալական ցանցերը) գործունեությունն արգելված է Ռուսաստանում որպես ծայրահեղական: