Փաշինյանը Բուլղարիա է գործուղում 2 նախարարությունների ներկայացուցիչներին

Նիկոլ Փաշինյան
ՏԿԵՆ և ԱԳՆ ներկայացուցիչները մասնակցելու են Պարսից Ծոց-Սև ծով միջանցք հիմնելու մասին համաձայնագրի նախագիծը բանակցող փորձագետների հանդիպմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտգործնախարարության ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) ներկայացուցիչներին գործուղում է Բուլղարիա։ Որոշումը հրապարակվել է e-gov հարթակում։
«Պարսից Ծոց-Սև ծով տարանցիկ և միջազգային փոխադրումների միջանցք հիմնելու մասին» համաձայնագրի նախագիծը բանակցող փորձագետների խմբի 6-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանին և ԱԳՆ միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության երկկողմ միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Լիանա Գրիգորյանին 2022 թվականի ապրիլի 5-7-ը գործուղել Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա)»,– գրված է որոշման մեջ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։
Հիշեցնենք` ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 2021 թվականի մայիսի 26-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանն ու Իրանը շարունակում են աշխատել Պարսից ծոց–Սև ծով տրանսպորտային միջանցքի ուղղությամբ, նախագծի իրականացման համար արդեն ստեղծվել է միջազգային աշխատանքային խումբ։
Նշենք, որ «Պարսից ծոց-Սև ծով» նախագծի գործարկման գաղափարը 2016 թվականին առաջին անգամ հնչեցրել էր Իրանը։ Պաշտոնապես այդ նախագծին մասնակցում են Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը։ Այս ընթացքում աշխատանքային խմբերի հինգ հանդիպում է անցկացվել Թեհրանում, Սոֆիայում, Թբիլիսիում, կրկին Թեհրանում և Երևանում: Նախագիծը թանկ է, հավակնոտ և իրականացման առումով բավականին բարդ։ Այդ միջանցքը պետք է Դելիին ու Թեհրանին Երևանի ու Թբիլիսիի միջոցով կապեն Եվրոպայի հետ (դա չի նշանակում, որ Իրանն ու Հնդկաստանն այլ ելք չունեն դեպի ԵՄ երկրներ. խմբ.) և ավելացնեն երկրների տարանցիկ կարողությունները։