Հարկային եկամուտների հավաքագրումը գերակատարվել է 5.2 մլրդ դրամով. ՊԵԿ

ՊԵԿ. Արխիվային լուսանկար
Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում հավաքագրված գումարներից հարկ վճարողներին վերադարձվել է 51.3 մլրդ դրամ: 2021թ. հունվար-մարտ ամիսների համեմատ աճը կազմել է 35.5%։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. 2022թ. առաջին եռամսյակում հարկային եկամուտների հավաքագրումը գերակատարվել է 5.2 մլրդ դրամով կամ 1.3%-ով, հայտնում է ՀՀ ՊԵԿ–ը։
Այսպես, 2022 թվականի 1-ին եռամսյակի պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով փաստացի մուտքերը կազմել են 400.6 մլրդ դրամ: Կառավարության որոշմամբ նախատեսված ծրագրային ցուցանիշը սահմանված է եղել 395.4 մլրդ դրամ, այսինքն՝ գերակատարումը կազմել է 5.2 մլրդ դրամ: 2021թ. նույն ժամանակաշրջանում ՊԵԿ–ի կողմից ապահովվել է 332.9 մլրդ դրամ, 2020թ-ին՝ 349.0 մլրդ դրամ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 67.7 մլրդ դրամով կամ 20.3%-ով, 2020թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 51.5 մլրդ դրամով կամ 14.8%-ով։
Բացի այդ, 2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում հավաքագրված գումարներից հարկ վճարողներին վերադարձվել է 51.3 մլրդ դրամ: 2021թ. հունվար-մարտ ամիսների համեմատ աճը կազմել է 13.4 մլրդ դրամ կամ 35.5%։
ՊԵԿ–ը տեղեկացնում է նաև, որ ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում նախորդ տարիների նույն ժամանակահատվածների համեմատ աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը՝ կազմելով շուրջ 128.8 մլն հատ և դրանցով արձանագրված գումարը` 1,947.8 մլրդ դրամ։ 2021թ. համեմատ գործարքների քանակը ավելացել է շուրջ 10.8 մլն հատով կամ 9.1%-ով։ Իսկ գումարային արտահայտությամբ աճը նախորդ տարվա համեմատ կազմում է շուրջ 452.5 մլրդ դրամ կամ 30.3%։