ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik, Արամ Գարեգինյան. «Արագած» հայկական ընկերությունն ընդլայնված գործառույթներով ջերմատեսիլ սարքեր է ներկայացրել։ Ընկերության կողմից ստեղծված սարքերն ու վերահսկողության համակարգերը ներկայացված էին Երևանում անցկացված «ArmHighTech- 2022» ցուցահանդեսին։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ընկերության ինժեներ Մկրտիչ Ունջուղուլյանը` ներկայացված են ինչպես ստացիոնար, այնպես էլ շարժական ջերմատեսիլ սարքեր։ Դրանց մի մասը ստեղծվել է կոնկրետ զինատեսակների համար, մյուսները` որպես առանձին դիտարկման համակարգեր։
Մկրտիչ Ունջուղուլյան
© Sputnik / Aram Nersesyan
Նման սարքերից մեկը ավելի լավ տեսանելիություն ապահովելու համար կարող է բարձրացվել մետաղական հենակի վրա։
«Հենակը բավական թեթև է, արագ բարձրանում և ծալվում է, այդ պատճառով այս սարքի համար նախատեսված հաշվարկը կարող է 2-3 մարդուց բաղկացած լինել։ Մի ամբողջ դասակի կարիք չի լինի», – ասաց Ունջուղուլյանը։
Համակարգը կարող է հակառակորդի տեխնիկան և կենդանի ուժը բացահայտել մի քանի կիլոմետրից։ Դրա համար ընկերությունը նաև կառավարման բլոկ է ստեղծել։
ArmHighTech 2022 պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսը
© Sputnik / Aram Nersesyan
Ջերմատեսիլ սարքերից մի քանիսը ստեղծվել են հրետանու և տանկերի համար։ Դրանցից մեկը նախատեսված է բուսոլների համար, որոնց օգնությամբ հրետանին որոշում է ուղղությունը և կրակի անկյունը։ Մյուս համակարգը նախատեսված է տանկային անձնակազմի՝ հրամանատարի, նշանառուի և վարորդ–մեխանիկի համար, ընդ որում անձնակազմի անդամները տվյալները միմյանց կարող են փոխանցել իրենց դիրքավորման տեղերից։
Նմանատիպ համակարգ է մշակվել նաև «Օսա-ԱԿ» ՀՕՊ համակարգերի համար, որն արդեն իսկ փորձարկվել է օդային տեխնիկայի մի քանի տեսակների վրա։
«Այն ևս գործողության մեծ շառավիղ ունի, անհրաժեշտության դեպքում կարող ենք այն մեծացնել», – հավելեց Ունջուղուլյանը։
«Արագած» ընկերության ջերմատեսիլ սարքը
© Sputnik / Aram Nersesyan
Վերջապես, ցուցահանդեսին «Կորնետ» և «Ֆագոտ» հակատանկային սպառազինության համար նախատեսված ջերմատեսիլ սարքերով նշանոցներ էին ներկայացվել։
«Բացառությամբ 2-3 դետալների, մնացածը մենք ենք պատրաստում, այդ թվում` օպտիկական տարրերը», – նշեց ընկերության ինժեները։
Ցուցահանդեսին ներկայացված մոդելներից մի քանիսն արդեն մատակարարվում է ԶՈւ–ին։
ArmHighTech ցուցահանդեսն անցկացվել է մարտի 31-ից ապրիլի 2-ը, ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան մշակումներ։