ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Գյումրիում զենքի գործադրմամբ խուլիգանություն է կատարվել, որի առնչությամբ մեկ անձ է ձերբակալվել, տեղեկանում ենք ՔԿ–ից։
Մասնավորապես, ապրիլի 3-ին՝ ժամը 17:47-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրու Մուշ թաղամասում գտնվող խանութի մոտակայքում կրակոցներ են հնչում: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը հայտնաբերել է «Mercedes» մակնիշի 2 մեքենաներ՝ միմյանց բախված, սակայն դրանց վրա հրազենային վնասվածքներին բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել:
Նախնական տվյալներով` ՃՏՊ է տեղի ունեցել 2 «Mercedes»-ների մասնակցությամբ: Դեպքից հետո նշված վայրին է մոտեցել «Nissan March» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը և ավտովթարի մասնակից մեքենաներից մեկի վարորդը ճանաչում են միմյանց, և նրանք սկսել են վիճաբանել։ Երբ որոշ ժամանակ անց «Nissan March»-ը հեռացել է դեպքի վայրից, «Mercedes»-ի վարորդն իր մոտ պահվող հրազենից կրակոց է արձակել նրա ուղղությամբ:
«Nissan March» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է. դրա վրա եղել են հրազենային վնասվածքներին բնորոշ հետքեր: Նախաքննության ընթացքում վերցվել են ՃՏՊ–ի դեպքի վայրում գտնվող խանութի տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք: Իսկ «Mercedes»-ի վարորդը, որը Գյումրի քաղաքի՝ 1979թ. ծնված բնակիչ է, բերման է ենթարկվել, ձերբակալվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը) և 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը)։