Ռուսական ԶՈւ–ն Օդեսայի շրջանում նավթավերամշակման գործարան է խոցել

Իգոր Կոնաշենկով. Արխիվային լուսանկար
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը պատմել է Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունների ընթացքի մասին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Այսօր ռուսական բանակը բարձր ճշգրտության հրթիռներով Օդեսայի շրջանում նավթավերամշակող գործարան և վառելաքսուքային նյութերի 3 պահեստ է ոչնչացրել։ Տվյալ վայրից Նիկոլաևի ուղղությամբ վառելիքի մատակարարում էր իրականացվում ուկրաինական զորքերի համար։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նա հայտնել է նաև, որ շաբաթ երեկոյից ՌԴ մարտական ավիացիան Ուկրաինայի 51 ռազմական օբյեկտ է խոցել։
Կոնաշենկովը նշել է, որ Բարվենկովո և Սլավյանսկ բնակավայրերի շրջանում ոչնչացվել է 4 հրամանատարային կետ, «Օսա-ԱԿՄ» ԶՀՀ 2 արձակման կայանք, Կոնստանտինովկա և Կրեստիշչե բնակավայրերի մոտ` հրետանային 2 մարտկոց, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 2 կայանք, 4 հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի դաշտային 4 պահեստ, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ 32 հենակետ և մարտական տեխնիկայի կենտրոնացման վայրեր։
Գեներալի խոսքով` ռուսական բանակը հատուկ գործողությունների ընթացքում ուկրաինական զորքերի 383 ԱԹՍ է ոչնչացրել։
«Հատուկ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 125 ինքնաթիռ և ուղղաթիռ, 383 անօդաչու, 221 ԶՀՀ, 1903 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 207 կայանք, դաշտային հրետանու 805 սարք և ականանետ, ինչպես նաև հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 1781 միավոր», – ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 39–րդ օրը։