ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Այսօր` ժամը 14:50-ի սահմանում, կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում` Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող շենքի բակում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` նշված տարածքից թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ տուժածները Երևանի բնակիչներ են` 35-ամյա Գագիկ Գ.-ն, որը ստացել է աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք, և 43-ամյա Ռոմեո Հ-ն, որը ձախ զստային շրջանի և ձախ ստորին վերջույթի հրազենային վնասվածք է ստացել:
Տուժածներն ի վիճակի չեն եղել կատարվածի մասին բացատրություն տալու:
Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված 1 գնդակ, 1 պարկուճ և ավտոմեքենայի կոտրված դետալներ:
Հանցագործությունը կատարած անձը կամ անձինք, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը չեն հայտնաբերվել։
Սակայն ըստ կայքի` ոստիկաններն արդեն գիտեն` ով է կասկածյալը։ Նրան հայտնաբերելու համար օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ են կատարվում: Հայաստանի օդային և ցամաքային սահմանները տվյալ անձի համար փակ են: