Գրիգորյանը Ադրբեջանի գործողությունների մասին խոսել է Լիտվայի ՊՆ քաղաքական տնօրենի հետ

Արմեն Գրիգորյան
ԱԽ քարտուղարը ներկայացրել է անվտանգային իրավիճակի կայունացմանն ուղղված հայկական կողմի առաջարկները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Վայդոտաս Ուրբելիսի և ներքին գործերի փոխնախարար Կեստուտիս Լանչինսկասի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Ուրբելիսի հետ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանի ռազմաքաղաքական սրված իրադրության վերաբերյալ:

«Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող գործողությունները և դրանցից բխող հնարավոր սպառնալիքները: Քարտուղարը նաև ներկայացրել է անվտանգային իրավիճակի կայունացմանն ուղղված հայկական կողմի առաջարկները: Գրիգորյանը հիշեցրել է, որ Երևանը Հայաստանում գտնվող օտարերկրյա ռազմական կցորդներին հրավիրել է ստուգելու Հայաստանի ռազմական ինքնաթիռների տեղում լինելու փաստը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ներքին գործերի փոխնախարար Լանչինսկասի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել ու արձանագրել են միջազգային աճող միգրացիայից բխող մարտահրավերների առկայությունը և դրա վերահսկման նպատակով հաղորդակցության ապահովման անհրաժեշտությունը:
Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխողումների ընթացքը և շնորհակալություն հայտնել պարոն Լանչինսկասին դրա հայեցակարգի մշակման մեջ նրա անձնական ներդրման համար: Այս համատեքստում կողմերը կարևորել են ՀՀ ոստիկանության և ԼՀ Ներքին գործերի նախարարության միջև զարգացող համագործակցությունը: Լիտվական կողմը նաև հայտնել է, որ սահմանների կառավարման ոլորտում իր հարուստ փորձը պատրաստ է փոխանցել հայկական կողմին։
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին մեկնել էր Բրյուսել, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Այնուհետև նա Բրյուսելից մեկնել է Լիտվա: