Պատերազմը դեռ չենք պարտվել․ Սասուն Միքայելյանը՝ մարտական հերթապահության մեկնողներին

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը նշում է, որ յուրաքանչյուրը պետք է իր վրա պարտականություն վերցնի, որպեսզի կարողանանք այս վիճակից դուրս գալ։
Sputnik
Երկրապահ կամավորականների միության 1-ին գումարտակն այսօրվանից կանցկացնի եռամսյա մարտական հերթապահության։ Երկրապահ կամավորականների միության վարչությունն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` հայտնելով այդ մասին։
«Մենք միշտ մեր հայ զինվորի կողքին ենք եղել և այսօր էլ պետք է դիրքերում զինվորի կողքին լինենք, որ բանակը կամաց-կամաց ոտքի կանգնի։ Սա պարտականություն է մեզ համար։ Մենք չպետք է հուսահատվենք, քանի որ պարտվել ենք մարտի դաշտում, մենք պատերազմը դեռ չենք պարտվել։ Մենք պարտք ունենք զոհվածների առաջ` նրանք բոլորը հաղթանակ բառը շուրթերին են ընկել»,–կամավորականներին ասել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
Նրա խոսքով` պետք է հանրության շրջանում առկա անորոշություններին վերջ դնել։ Միքայելյանը հավելում է, որ յուրաքանչյուրը պետք է իր վրա պարտականություն վերցնի, որպեսզի կարողանանք այս վիճակից դուրս գալ։