Բելգորոդի նավթաբազայում հրդեհ է բռնկվել. պատճառը Ուկրաինայի ԶՈւ ուղղաթիռների հարվածն է

Հրդեհի հետևանքով զոհեր չկան, տուժել են նավթաբազայի 2 աշխատակիցներ։
Sputnik
Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի նավթաբազայում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովին, հրդեհը բռնկվել է ուկրաինական երկու ուղղաթիռների հարվածի հետևանքով, որոնք ցածր թռիչքով մտել են Ռուսաստանի օդային տարածք։
«Նավթաբազայում հրդեհը տեղի է ունեցել Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռներից ավիահարվածի հետևանքով, որոնք Ռուսաստանի տարածք են մտել ցածր բարձրության վրա։ Զոհեր չկան», - իր Telegram–ալիքում գրել է Գլադկովը։
Նրա խոսքով՝ հրդեհի հետևանքով տուժել են ձեռնարկության երկու աշխատակիցները, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։
Տեղեկացվում է, որ մոտակա երեք փողոցների բնակիչներին տեղափոխել են ավելի անվտանգ վայր։ Նրանք կարող են տուն վերադառնալ փրկարարների` հրդեհը մարելուց հետո։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 37–րդ օրը։