Ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ավիաբազա ու համոզվել՝ ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են

Ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ավիաբազա
Մեր երկրում հավատարմագրված ԵՄ - ի և ՆԱՏՕ - ի երկրների ռազմական կցորդները շրջել են ավիաբազայի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik․ Այսօր Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ռազմական կցորդները շրջայց են կատարել զորամասի տարածքում, ծանոթացել ավիացիոն սպառազինությանն ու ռազմական տեխնիկային: Նշվում է, որ հյուրերի համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները։
Ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ավիաբազա
«Ռազմական կցորդները նշել են, որ այցի արդյունքում իրենք կրկին համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են, և որ ադրբեջանական ու թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե դրանք մասնակցում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, չեն համապատասխանում իրականությանը»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Ավիաբազայի հրամանատար, ավիացիայի գնդապետ Սամվել Թավադյանը ռազմական կցորդներին ծանոթացրել է զորամասի առօրյա գործունեությանը և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ավիաբազա
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում «աղաղակող ապատեղեկատվություն» էր անվանել ադրբեջանական մամուլում ու Արևմուտքում ակտիվորեն տարածվող այն լուրը, թե Հայաստանն իր 4 ՍՈւ–30 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին` Ուկրաինայում օգտագործելու համար։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունն էր հերքել լուրերը, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։