ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Լաչինի միջանցքն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելը նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայաթափում։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի այն հայտարարությանը, թե նման կարգավորում է նախատեսված 2020թ–ի նոյեմբերի 9-ի Եռակող հայտարարության 9-րդ կետով։
«Այդ կետը, հիշեցնեմ, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման, Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհի գործարկման մասին է։ Հայաստանն այս թեմայով համապարփակ առաջարկություն է ներկայացրել, որի էությունը հետևյալն է` վերակառուցել Երասխ–Ջուլֆա–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթուղին, վերակառուցել կամ բացել ավտոմոբիլային ճանապարհ, որը նաև կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին հետ` սահմանային անցման կետերում իրականացնել ով սահմանային ու մաքսային հսկողություն»,– ասաց Փաշինյանը։
Ըստ ՀՀ վարչապետի` Ադրբեջանն այս դիրքորոշումն ընդունում է պայմանով, որ այդ նույն ռեժիմը գործի Լաչինում` հղում անելով եռակողմ հայտարարությանը։
«Այս խոսույթը անհիմն է երկու պատճառով. նախ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի և դրա հետ առնչություն ունեցող միջանցքի մասին հիշատակում չկա, բայց «Լաչինի միջանցք» արտահայտություն կա: Լաչինի միջանցքը ոչ թե կամ ոչ միայն ճանապարհ է, այլև տարածք, որն ունի 5 կիլոմետր լայնություն: Այդ ողջ տարածքը, ըստ եռակողմ հայտարարության, գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Եռակողմ հայտարարության 9-րդ կետում Հայաստանի որևէ տարածքի նկատմամբ որևէ այլ երկրի վերահսկողության դրույթ պարզապես գոյություն չունի: Եվ հետո` Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի զուգահեռները տարօրինակ են՝ մի քանի պատճառներով: Նախ՝ Նախիջևանը Ադրբեջանի հետ ունի ցամաքային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի տարածքով: Օդային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության օդային տարածքով: Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ ունի միայն ցամաքային կապ, միայն Լաչինի միջանցքով, և Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից որևէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափում»,– հայտարարեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է բացել ճանապարհն ու կառուցել երկաթուղին, բայց դրա համար անհրաժեշտություն է տեսնում Ադրբեջանի հետ համաձայնագիր ստորագրելու։
«Ինչո՞ւ, որովհետեւ մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի և՛ ճանապարհը, և՛ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Եվ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չի կարողանա օգտվել ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ երրորդ երկրները, և Հայաստանը պարզապես կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար»,– պարզաբանեց նա։
Արդյունքում Հայաստանն առաջարկում է երկաթուղու վերագործարկման մասին 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններն արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը և սկսել շինարարությունը: Կամ դա անել փաթեթով՝ ներառելով ավտոմոբիլային ճանապարհը։