Ստեփանակերտում ծնվել է խրամորթցի ընտանիքի 5-րդ երեխան։ Բաղդասարյանները 4 աղջիկ ունեն, 5-րդ երեխան տղա է, նրան կոչել են Լեո, տեղեկանում ենք Արցախի հանրային հեռուստաընկերությունից։
Փոքրիկ Լեոն ծնվել է այն ժամանակ, երբ ադրբեջանցիների սադրանքների պատճառով գյուղից տարհանվել են կանայք և երեխաները։
«Մենք բուն փառուխեցի ենք, սակայն 1985-ին Խրամորթ ենք վերադարձել։ Հույս ունեմ, որ Խրամորթ ենք գնալու։ Ցանկանում եմ` ոչ մին խոխա, ոչ մին ծնող կռիվ չտեսնա` ամենափիս պյանն ա կռիվը»,–ասում է նորածնի հայրը` Սևակ Բաղդասարյանը։
Նա, ի դեպ, փոքրիկ Լեոյին մի քանի րոպեով տեսնելու հնարավորություն է ունեցել, քանի որ կրկին մեկնել է Խրամորթ՝ մարտական ընկերների մոտ:
Նորածնի մայրն էլ` Լիլիթ Մկրտչյանը, ասում է, որ ծնվել և ապրել էԽրամորթում։ Նա Խրամորթի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին է։
«Մեր գյուղում կյանքը եռում էր, և հույս ունենք, որ գյուղ ենք վերադառնալու»,–ասում է Լիլիթը։
Ընտանիքն առայժմ Իվանյանում կապրի, մինչև Խրամորթում իրավիճակը կարգավորվի։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ի կեսօրի դրությամբ՝ ադրբեջանցիները, չնայած հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում նրանց այդտեղից հեռացնելու նպատակով։