Այժմ Շիրակի մարզից 30 անձ ադրբեջանական բանտերում են. մարզպետը դիմել է ՄԻՊ–ին

Նազելի Բաղդասարյան
Քրիստինե Գրիգորյանը բավարարված չէ գերիների հարցով տարբեր երկրներում իր կոլեգաների արձագանքների ինտենսիվությունից կամ դրանց հասցեականությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Շիրակի մարզից այժմ 30 անձ ադրբեջանական բանտերում են։ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Տեղեկությունը հրապարակվել է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։
«Ադրբեջանը մինչ օրս չի կատարում եռակողմ համաձայնության դրույթները, և այնտեղ են պահվում մեր հայրենակիցները։ Ակնկալում եմ ձեր գործուն աջակցությունը մեր տղաների հայրենադարձման համար ձեռնարկված քայլերում, քանզի Ադրբեջանը շարունակում է իր ձեռագիրը պահել և, անհիմն մեղադրանքներով առաջնորդվելով, պատանդի կարգավիճակով պահում է նրանց»,- նշել է Բաղդասարյանը։
Մարդու իրավունքների պաշտպանն էլ իր հերթին հայտնել է, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն գեներացվող և դատավճիռների հանգեցնող քրեական պրոցեսներ է սկսում՝ ոտնահարելով մարդասիրական բոլոր կոնվենցիաները և միջազգային պարտավորությունները։
«Ես բոլոր ուղերձներն ուղարկում եմ իմ կոլեգաներին աշխարհի տարբեր երկրներում, սակայն բավարարված չեմ արձագանքների ինտենսիվությունից կամ դրանց հասցեականությունից»,- ասել է Գրիգորյանը։
Մարդու իրավունքների պաշտպանն ու Շիրակի մարզպետը հանդիպել են գերեվարվածերի հարազատների հետ։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին Ժնևում հանդիպել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ և նրա ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց (պաշտոնապես հաստատված) հայրենադարձման հրատապության, ինչպես նաև բռնի անհետացման դեպքերի և անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտման վրա:
Մինչ օրս Ադրբեջանը 150 գերի է հանձնել Հայաստանին։ Մարտի 21–ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։