ՌԴ–ն որևէ մեկի հետ Ղրիմի հարց չի քննարկի, այդ թվում՝ Կիևի հետ բանակցելիս. Պեսկով

Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
Նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև մինչև վերջ Ուկրաինայի վրա գնալու կոչերը, հայտարարելով, որ «Ստալինգրադներ օրացույցում չկան և չպետք է լինեն»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ռուսաստանը ոչ մեկի հետ չի քննարկի Ղրիմի հարցը, այդ թվում՝ Ուկրաինայի հետ բանակցությունների ժամանակ, այն ՌԴ–ի մաս է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ղրիմը ՌԴ–ի մաս է, և մեր սահմանադրության համաձայն մենք չենք կարող ոչ մեկի հետ քննարկել ՌԴ տարածքների ճակատագրերը, ռուսական շրջանների ճակատագիրը, դա բացառվում է, դա ամրագրված է մեր սահմանադրության մեջ։ Իսկ բանակցությունների որևէ մանրամասներ մենք ձեզ հետ չենք քննարկի, չենք պատմի», – ասել է Պեսկովը լրագրողներին, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ղրիմի վերաբերյալ Ուկրաինայի հետ պայմանավորվածությունների տարբերակներ առկա են` ռազմական ճանապարհով այն վերադարձնելու Կիևի կոչերի ֆոնին։
Նախագահի մամուլի քարտուղարը չի մեկնաբանել Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորող երկրների թեման` խորհուրդ տալով լրացուցիչ տեղեկության համար դիմել ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուն, որը հանրությանն այսօր լրացուցիչ տեղեկություն կտրամադրի։
Նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև մինչև վերջ Ուկրաինայի վրա գնալու կոչերը, հայտարարելով, որ «Ստալինգրադներ օրացույցում չկան և չպետք է լինեն»։
«Իսկ կարևորը այստեղ հույզերին տեղ չպետք է լինի։ Բանակցություններով զբաղվում են պրոֆեսիոնալները, պետք է վստահել իրենց։ Ռուսական կողմի դիրքորոշումը քաջ հայտնի է, այն տրամաբանական է, ամուր հիմք ունի, և այդ դիրքորոշումը չի փոփոխվել», – ասել է նա լրագրողներին։
Ինչ վերաբերում է Ստամբուլում կայացած ռուս–ուկրաինական բանակցությունների հերթական փուլին, Պեսկովի խոսքով, Կրեմլում դեռ չեն կարող որևէ խոստումնալից բան փաստել, սակայն դրական միտում կա նրանում, որ ուկրաինական կողմը վերջապես սկսել է կոնկրետ առաջարկներ ձևակերպել և «դրանք թղթի վրա դնել», ընդգծել է Պեսկովը։
Մարտի 29-ին Ստամբուլում մոտ 4 ժամ կայացած բանակցությունների ժամանակ Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչները առաջարկներ են փոխանակել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ։