Հայտնի է` ով է փորձել սպանել «Գազի Հովոյին». ենթադրյալ հանցագործը լքել է երկիրը

Իրավապահները պարզել են նաև սպանության փորձի շարժառիթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հայտնի «Գազի Հովոյի» նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը հայտնի է, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Մարտի 28-ին հայտնել էինք, որ Արտաշատ քաղաքում մարտի 28-ին կրակոցներ են հնչել, վիրավորվել է Արտաշատում հայտնի «Գազի Հովոն»։
Քննչական կոմիտեի աշխատակիցները Արտաշատի քաղաքացու դեմ մահափորձի վայրում
ՔԿ–ն տեղեկացնում է, որ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի՝ 1991 թ. ծնված բնակիչ է։
Բացի այդ, պարզվել է նաև, որ դեպքից օրեր առաջ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել «Գազի Հովոյի» և Երևանի բնակչի միջև: Վերջինս, վիճաբանության ժամանակ իրեն հասցված վիրավորանքի համար վրեժխնդիր լինելու մտադրությամբ, մարտի 28-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Խանզադյան փողոցի շենքերից մեկի շրջակայքում հանդիպել է «Գազի Հովոյին» և ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ։
Քննչական կոմիտեի աշխատակիցները Արտաշատի քաղաքացու դեմ մահափորձի վայրում
Տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ դեպքի վայր ժամանած պատահական անցորդները «Գազի Հովոյին» անմիջապես տեղափոխել են ԲԿ, և նրա կյանքը հաջողվել է փրկել։
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դեպքից անմիջապես հետո հատել է ՀՀ պետական սահմանը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանությունը) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: