ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Ֆրանսիայում RT-ի մի քանի ռուս աշխատակիցների աշխատավարձային հաշիվներն արգելափակել են։ Այդ մասին հայտարարել է RT France-ի ղեկավար Քսենյա Ֆյոդորովան։
«Société Général բանկն արգելափակել է մեր ռուս աշխատակիցներից մի քանիսի անձնական հաշիվները։ Սա իսկական ազգային խտրականություն է»,-գրել է Ֆյոդորովան իր Telegram-յան ալիքում։
Ֆրանսիայում բնակվող ռուսաստանցիներն ու բելառուսները, որոնք բախվել են իրենց հաշիվների սահմանափակումների կամ արգելափակման, ավելի վաղ դիմել էին ֆրանսիական բանկերին ազգային հատկանիշով խտրականությունը դադարեցնելու խնդրանքով:
Ֆրանսիական Société Générale բանկից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ ֆինանսական հաստատությունը խստորեն պահպանում է գործող կանոնները և անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում միջազգային պատժամիջոցները խստորեն կիրառելու համար:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 35–րդ օրը։