«Ֆեյք է». Դելյագինը` իր նկատմամբ Ադրբեջանի կողմից հետախուզում հայտարարելու մասին

ՌԴ Պետական Դումայի տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահի տեղակալ Միխայիլ Դելյագինը Պետդումայի լիագումար նիստի ժամանակ (19 հոկտեմբերի, 2021թ)․ Մոսկվա. Արխիվային լուսանկար
Դելյագինը ֆեյք է համարում իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին հաղորդագրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի -Sputnik. ՌԴ Պետդումայում «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» խմբակցության պատգամավոր Միխայիլ Դելյագինը կոչ չի արել ռմբակոծել Ադրբեջանին, իսկ նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին հաղորդագրությունը համարում է «ֆեյք կամ լրագրողական սխալ»: Այս մասին ռուս խորհրդարանականը գրել է իր Telegram-ալիքում։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտնել էր Դելյագինի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին՝ հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և նավթային արդյունաբերության ոչնչացման կոչերի համար: Որոշում է կայացվել նաև Ինտերպոլի միջոցով նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին։
«Կարծում եմ` այդ լուրը ֆեյք է կամ լրագրողական սխալ, քանի որ հակառակ դեպքում պետք է խոստովանել, որ Ադրբեջանի ամբողջ գլխավոր դատախազությունում չեն մնացել մարդիկ, որոնք ռուսերեն են հասկանում կամ գոնե օգտվում են թարգմանչի ծառայություններից», - գրել է Դելյագինը։
Նա ընդգծել է, որ կոչ չի արել ռմբակոծել Ադրբեջանին` ոչ սովորական, ոչ էլ առավել ևս միջուկային հարվածներով:
Նշենք, որ ավելի վաղ Միխայիլ Դելյագինն Արցախում ադրբեջանական սադրանքների ֆոնին կոչ էր արել ոչնչացնել Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքն ու նավթային արդյունաբերությունը։
Ավելի ուշ Պետդումայում արձագանքել են Ադրբեջանի դատախազության՝ քրեական գործ հարուցելու և պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշմանը:
Միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան Ադրբեջանի գերատեսչության գործողություններն անվանել էր ոչ ճիշտ։