ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վատառողջ է, ինչի պատճառով չի մասնակցում իր և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստին։
Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։
Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին դիմում ներկայացրեց Քոչարյանի վատառողջ լինելու կապակցությամբ։ Պաշտպանի խոսքով` շուրջ 10 օր անհրաժեշտ կլինի, որպեսզի նա բուժում ստանա։
Խուդոյանը հավելեց, որ եթե կարիք կա Քոչարյանի վատառողջ լինելու հարցը քննարկելու, ապա պետք է դռնփակ նիստ լինի։
Սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատական նիստը կհետաձգվի։ Դատավորը հավելեց, որ հաջորդ շաբաթ պետք է Արդարադատության ակադեմիայում վերապատրաստման դասընթացի մասնակցի, ուստի հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 12-ին, ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008–ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։
Նշենք, որ մյուս քրգործով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
ՍԴ–ն որոշել էր, որ այդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։
Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է փողերի լվացման մեջ։
Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է 309 միլիոն դրամին համարժեք 1 մլն դոլար կաշառք և օրինականացրել ստացված եկամուտները։