ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Մահացել է Հայաստանի միակ թառ պատրաստող վարպետ Ալբերտ Զաքարյանը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կոմպոզիտոր Արա Գևորգյանը։
«Մեծ ցավով ու ափսոսանքով պիտի ասեմ, որ այսօր կյանքից հեռացավ եզակի մարդ ու եզակի վարպետ Ալբերտ Զաքարյանը:
Նա միակն էր, որ պատրաստում էր աշխարհում գոյություն չունեցող Բաս քանոն գործիքը: Նա մնացել էր միակը, որը թառ էր պատրաստում: Ափսոսում եմ, որ տարիներ շարունակ բոլոր հեռուստա-ռադիո եթերներից խնդրում էի բացել երաժշտական գործիք պատրաստելու դպրոց, բայց... չլսեցին»,–իր ու վարպետի նկարին կից գրել է Գևորգյանը։
Նա հույս է հայտնել, որ մի օր կծնվեն մարդիկ, որ կշարունակեն վարպետի գործը:
Ալբերտ Զաքարյանը Հայաստանում միակն է, որ ազգային նվագարաններ է պատրաստում։ 2014-ին երկու նոր գործիք է ավելացել՝ բաս քանոն ու բաս սանթուր։
Մասնագիտությամբ ինժեներ Ալբերտ Զաքարյանը դեռ պատանեկության տարիներին էր սիրահարվել երաժշտությանն ու իր գործիքին՝ թառին: Առաջին փորձը ձախողել է, բայց նա չի հանձնվել: Հայաստանում նա եզակի վարպետներից էր, որ պատրաստում է ազգային նվագարաններ: