ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Պարզվում է Հայաստանը Ռուսաստանին որպես ռազմական օգնություն ատոմային սուզանավեր է ուղարկել ու այն էլ` միանգամից Սևանա լճից։
Հայաստանցի քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը Twitter-ում կատակով գրել է. «Բարի լույս ժողովուրդ, բազմաթիվ վստահելի աղբյուրների համաձայն, Հայաստանը որոշել է իր ավիակիրներն ու ատոմային սուզանավերը Սևանից ուղարկել Սև ծով` ՌԴ–ին Ուկրաինայի դեմ պատերազմում օգնելու համար»։
Հայկական հումորի այս դրսևորմանը թերևս չէինք անդրադառնա, եթե այն համացանցում մեծ արձագանքի չարժանանար։
Բանն այն է, որ հայ վերլուծաբանի կատակով արված այս գրառումը միանգամայն լուրջ իր էջում վերահրապարակել է Ուկրաինայի պաշտպանության անկախ հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար, պաշտպանական արդյունաբերության հարցերով փորձագետ Ելենա Տրեգուբը։
Նա ոչ միայն արտատպել է հրապարակումը, այլև միանգամայն լուրջ վերլուծել` գրելով, որ նույնիսկ ՆԱՏՕ–ն, Լեհաստանն ու ԱՄՆ–ն են վախենում Ուկրաինային ռազմական աջակցություն ցույց տալ, մինչդեռ Հայաստանը դա անում է միանգամայն բաց եղանակով ընդդեմ Ուկրաինայի։
Բայց Տիգրան Գրիգորյանն իր կատակը չհասկացած մեկնաբանին անպատասխան չի թողել։ Նա հրապարակել է Տրեգուբի գրառման լուսանկարն` իրեն հղումով ու ավելացրել. «Սա իսկապես զայրացուցիչ է: Հայկական բացառիկությունը նոր բարձունքների է հասել. Չի կարելի դա հանդուրժել։
Այն բանից հետո, երբ ուկրաինացի փորձագետի հայտարարությունը Սևանի սուզանավերի ու ավիակիրների մասին սկսել է տարածվել ոչ միայն Twitter-ում, այլև այլ սոցկայքերում` ամենատարբեր քննադատությունների ու սրամիտ կատակների առիթ դառնալով, Ելենա Տրեգուբն այն հեռացրել է իր էջից։ Բայց, ինչպես ասում են, արդեն ուշ էր` «սքրիշոթն» արված էր։
Հայաստանցի հայտնի մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը պաշտպանական արդյունաբերության հարցերով փորձագետին խորհուրդ է տալիս լուրջ բաների մասին դատողություններ անելուց առաջ գոնե Wikipedia կարդալ։